Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը օգոստոսի 7-ին Չոլպոն Աթա քաղաքում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես հայտնել են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունում, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական հարցերը, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Ժապարովը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ ի բարօրություն հայ ժողովրդի։
Ղրղզստանի նախագահը ընդգծել է, որ Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնք հիմնված են ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի և արժեքների ընդհանրության վրա։ Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցությանը և թույլ կտան սահմանել փոխգործակցության նոր ուղղություններ։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերին։ Ժապարովը նշել է երկկողմ համագործակցությունն ավելի գործնական բովանդակությամբ հագեցնելու, փոխադարձ առևտրի ընդլայնման, արտադրական կոոպերացիայի զարգացման և ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը։
Իր հերթին, Փաշինյանը շնորհավորել է Ժապարովին Ղրղզստանի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ դա լրացուցիչ հնարավորություններ կբացի միջազգային հարթակներում համագործակցության խորացման համար։
Նա նաև նշել է Ղրղզստանի ձեռք բերած հաջողությունները սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում՝ ընդգծելով ներդրումային նախագծերի իրականացման և երկրի տնտեսական աճի տպավորիչ տեմպերը։
Նրա խոսքով՝ այս ձեռքբերումները նպաստավոր նախադրյալներ են ստեղծում Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի և տնտեսական համագործակցության ընդլայնման համար։ Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության բարելավումը կնպաստի երկկողմ առևտրի հետագա զարգացմանը և երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։
Բանակցությունների արդյունքների հիման վրա կողմերը վստահություն են հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ղրղզա-հայկական համագործակցության հետագա զարգացմանը բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով։



