Ղազախստանի իշխանությունները դեմ են, որ Ռուսաստանը օգտագործի երկրի տարածքը միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար, հայտարարել է հանրապետության փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
«Ղազախստանը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, և Ղազախստանը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, մենք չենք ցանկանում, որ մեր տարածքն օգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է Վասիլենկոն լեհական PAR գործակալությանը տված հարցազրույցում, որը մեջբերում է The Moscow Times-ը։
Նրա խոսքով՝ Աստանայի դիրքորոշումը «հայտնի և հասկանալի է» բոլոր շահագրգիռ կողմերին և դրան ըմբռնումով են վերաբերվում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում։ Վասիլենկոն ընդգծել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պատժամիջոցները չշրջանցվեն, քանի որ հանրապետությունը «չի ցանկանում, որ երկրորդական պատժամիջոցների կիրառում լինի»։
Նա նաև նշել է, որ Աստանայի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններում «խնդիրներ չկան», բայց կան «տարբեր հարցեր», քանի որ երկու հարևան պետությունների հարաբերությունները «շատ բազմազան են»։