Ղազախստանը հայտարարել է Իրանին մոտ 250 մլն դո...

Ղազախստանի իշխանությունները պատրաստ են Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել շուրջ 250 մլն դոլար արժողությամբ 75 անուն ապրանք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Ղազախստանի կառավարության մամուլի ծառայության՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ալիխան Սմայիլովն Իրանի գյուղատնտեսության նախարար Սեյեդ Ջավադ Սադաթինեժադի հետ հանդիպմանը:

«Վարչապետը նշել է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20%-ով և կազմել գրեթե 500 մլն դոլար։ Դրա հետ մեկտեղ, փոխադարձ առևտրի ծավալն է՛լ ավելի մեծացնելու նպատակով Ղազախստանը պատրաստ է Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել մոտ 250 մլն դոլար գումարի 75 անուն ապրանք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Ղազախստանի կառավարությունը տրամադրված է ակտիվ աշխատանքի՝ առևտրի ընդհանուր ծավալը մինչև 3 մլրդ դոլար ավելացնելու նպատակին հասնելու համար,  որն առաջադրել են երկու երկրների ղեկավարները։

«Առանձնապես հեռանկարային է գյուղատնտեսական արտադրանքի շրջանառության աճը, որի բաժինը փոխադարձ առևտրում կազմում է գրեթե 80%: Մեր երկրները հնարավորություն ունեն ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի շրջանառությունն ավելացնել մինչև 1 մլրդ դոլար», - պարզաբանել է Սմայիլովը։

Նա ընդգծել է, որ համագործակցության առանցքային ուղղություններից են նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը և «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Իր հերթին Իրանի գյուղատնտեսության նախարարը նշել է նախօրեին կայացած ղազախաիրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի բարձր արդյունավետությունը։

Նա ընդգծել է երկաթուղային ցանցի և ծովային ենթակառուցվածքի հետագա զարգացման կարևորությունն առևտրի և բեռնափոխադրումների ծավալների մեծացման համար, ինչպես նաև հայտարարել է Իրանի պատրաստակամությունն՝ ընդլայնելու ցիտրուսային արտադրանքի մատակարարումները Ղազախստանին: