Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունները վերջին ժամանակներս փաստորեն լիովին համաձայնվել են Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշմանը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Վերջին ժամանակներս միջազգային կազմակերպությունները փաստորեն լիովին համաձայնվել են մեր դիրքորոշման հետ։ Ես դա տեսնում եմ տարբեր հանդիպումների ժամանակ։ Ինչո՞ւ են նրանք համաձայնվել։ Որովհետև մենք ճիշտ ենք, և որովհետև մենք չենք շեղվում մեր դիրքորոշումից։ Հենց այդ պատճառով էլ այսօր ոչ ոք չի խոսում ոչ «անկախության», ոչ «ինքնավարության», ոչ էլ ուրիշ բանի մասին։ Վերջին ուղերձները, որ մեզ են ուղարկվում․ իսկ ի՞նչ կլինի այնտեղի «ղեկավարության» ճակատագիրը։ Նրանք համաներում կստանա՞ն, թե՞ ոչ։ Ես պատասխանում եմ, որ դա պետք քննել,- հայտարարել է Ալիևը Լաչին կատարած այցի ժամանակ։

Ալիևը նաև արցախցիներին ուղղված մի շարք պահանջներ է բարձրաձայնել՝ իր «նշանակալի» ելութը ցածրակարգ սպառնալիքներով ու վիրավորանքներով ընդմիջելով։

«Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում  ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլոք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին»,- հայտարարել է նա։

««Միացումի» գիրքը փակված է, անջատողականության հարցը փակված է։ Անկախության երազանքը գնացել է  կարգավիճակի հետևից։ Մենք արդեն ուղարկել ենք կարգավիճակը պետք եղած տեղը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,- ասել է նա։

Ըստ Ալիևի, Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվե լԱդրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ և նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։

Ալիևը նշել է, որ Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանը լիովին վերահսկում է այդ ճանապարհը։

«Մեր տարածքային ամբողջականությունը առանց այդ էլ վերականգնվել էր Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում։ Բայց սահմանային անցակետը վերջին կետն էր, որով անվերահսկելի շարժում էր իրականացվում Հայաստանից դեպի Ադրբեջանի Ղարաբաղի շրջան և հակառակը։ Շարժումն այսօր էլ կա, բայց այն կատարյալ հսկողության տակ է»,- ասել է նա։