Հայկական երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել, կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորով:
Ազատության հետ զրույցում Օլեգ Բելոզյորովը տեղեկացրել է, որ քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը:
Հանդիպմանը մասնակցել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախօրեին արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարել է, որ Բելոզյորովը Հայաստան է ժամանել հայկական երկաթուղու օրակարգով:
Անցած շաբաթ ճեպազրույցում Բելոզյորովի առաջիկա այցի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք էդ աշխատանքային քննարկման արդյունքներով:
Երևանն արդեն ամիսներ շարունակ հայտարարում է՝ երկաթուղիների կառավարման կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել: Երևանն առաջարկում է, որ կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի:
Վարչապետ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է՝ հարցը բարեկամական մթնոլորտում են ցանկանում լուծել, ռուսական կողմից արձագանքում են՝ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են պահանջել իրենց կատարած ներդրումների վերադարձը:



