
ԱՄՆ իշխանությունները անօրինական ներգաղթյալներից կպահանջեն գրանցվել հատուկ գրանցամատյանում, հակառակ դեպքում նրանց կսպառնա տուգանք կամ ազատազրկում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, որը ձեռք է բերել նախաձեռնության նախագծի պատճենը։
ԱՄՆ վարչակազմի պլանների համաձայն՝ 14 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր անօրինական ներգաղթյալներից կպահանջվի մատնահետք տալ և տրամադրել իրենց տան հասցեները։ Եթե նրանք դա չանեն, նրանք կարող են տուգանվել մինչև 5000 դոլարով կամ մինչև վեց ամսով ազատազրկվել: Պարբերականը նշում է, որ նախկինում անձը կարող էր կալանավորվել և արտաքսվել ԱՄՆ-ում անօրինական գտնվելու համար, սակայն դա քրեական հանցագործություն չէր համարվում։
Այս նախաձեռնությունն իրականացնելու համար Վաշինգտոնը ցանկանում է օգտվել «ներգաղթի մասին օրենքի անորոշ դրույթներից», գրում է The Wall Street Journal-ը։ Ռեեստրի հաստատումից հետո անօրինական ներգաղթյալներին 30 օր ժամանակ է սպասվում իրենց մասին տեղեկություններ տրամադրելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին։ Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո նա գործադիր հրաման է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական ներգաղթյալներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի դատարանի որոշման։