ՎԶԵԲ-ը և ԵՄ-ը խթանում են կապիտալի շուկաների զ...

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական միությունը՝ «Galt & Taggart» ընկերության  և «Ամերիա» ՓԲԸ-ի համագործակցությամբ  սկսում են Հայաստանում կապիտալի շուկաների աջակցության ծրագիրը։ Ծրագրին աջակցում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Այս ծրագրի նպատակն է աջակցել կապիտալի շուկայի գործիքներ, այդ թվում՝ պարտատոմսեր և արժեթղթեր թողարկող հայաստանյան ընկերություններին՝ վերջիններիս կարիքներին համապատասխանեցված կարողությունների զարգացման և թողարկման հետ կապված ծախսերի դրամաշնորհային համաֆինանսավորման միջոցով։ 

Ծրագիրը հիմնված է լինելու Հայաստանի կայուն նորմատիվ-իրավական դաշտի և կապիտալի շուկաների ենթակառուցվածքի վրա, ինչը թույլ կտա էլ ավելի ընդլայնել տեղական ընկերությունների ֆինանսավորման աղբյուրները և կօգնի ներգրավել ֆինանսավորում տեղական և միջազգային ներդրողներից: Սա, ի վերջո, կհանգեցնի տեղական մասնավոր հատվածի դիմակայունության և ճկունության բարձրացմանը՝ նպաստելով տնտեսական աճին։

Երևանում կայացած ծրագրի մեկնարկային համաժողովին մասնակցել են ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ կառավարության պաշտոնյաներ, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործընկեր բանկեր և մասնավոր ընկերություններ, որոնք ծանոթացան ծրագրի մեխանիզմներին, ժամանակացույցին, ինչպես նաև ծրագրի շրջանակներում առաջարկվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության միջոցառումներին։