ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննարկել են երկու երկրներում էլ սպասվող ընտրություններից առաջ Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին, իսկ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները` նոյեմբերի 3-ին։
Ըստ Axios-ի՝ Նեթանյահուն Թրամփին մտահոգություն է հայտնել իսրայելական հետախուզության նոր տվյալների կապակցությամբ, որոնք վկայում են, որ Իրանը քայլեր է ձեռնարկում իր միջուկային ծրագիրը վերսկսելու ուղղությամբ։
«Կարծես թե Բիբին կրկին ցանկանում է գործողությունների դիմել։ Նա մի քանի անգամ խոսել է այդ մասին նախագահի հետ, և նախագահը պատասխանել է. «Դե ինչ, Բիբի՛, պատրաստվի՛ր»։ Սակայն կոնկրետ խոստումներ չկան։ «Պատրաստվի՛ր»-ը կարող է նշանակել՝ հիմա, ավելի ուշ կամ երբեք», - պարբերականին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան։
Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա նշել է, որ Նեթանյահուն համոզված է, թե իր «ուժը պատերազմական ժամանակաշրջանի վարչապետ լինելու մեջ է»։



