Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական
բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ:
Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն
ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են
վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող
ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև շարունակական երկխոսության
կարևորությունը՝ մեր երկրում կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու, ներդրումային միջավայրը
բարելավելու և մրցունակ դարձնելու համատեքստում»:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը
կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած
մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ
կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի
սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և
պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս
համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության
հնարավորությունների վրա:
ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և
հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների
զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն
արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ
գործընկերության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար: