Էջմիածնի Թումանյան փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ժամանակ պատշաճ չփակված դիտահորը դժբախտ պատահարի պատճառ է դարձել։ Մի կին ընկել է դիտահորի մեջ և մարմնական վնասվածքներ ստացել։ Կափարիչը կարգի է բերվել միայն Վաղարշապատի համայնքապետարան դիմելուց հետո։ Կնոջ հետ տեղի ունեցածը ոչ պատահականություն է, ոչ էլ միակ դեպքն է։ Էջմիածնի մի շարք փողոցներում ամիսներ շարունակ ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում նման վտանգավոր իրավիճակներ բազմիցս են առաջացել, գրում է «Հետքը»։
Հիմնանորոգվում են քաղաքի մի շարք գլխավոր ճանապարհներ՝ Պատկանյան, Թումանյան, Բաղրամյան, Չարենց և այլն: Էջմիածնի բնակիչները դժգոհում են, որ ճանապարհաշինական աշխատանքները ձգձգվել են, և վերջը չի երևում։
Օրինակ՝ Ռ. Պատկանյան փողոցը շուրջ 7-8 ամիս է՝ քանդված է, իսկ Հ. Թումանյան և Մ. Բաղրամյան փողոցներում աշխատանքները շարունակվում են այս տարվա մարտ-ապրիլ ամիսներից։ Շինարարության տեմպը դանդաղ է, շինհրապարակներում օրվա ընթացքում քիչ թվով աշխատողներ են երևում, տեխնիկան նույնպես քիչ է։
Բնակիչների համար մյուս լուրջ խնդիրը փոշին է։ Քանդված ճանապարհներից բարձրացող փոշին, նրանց խոսքով, բնակարաններ ու բակեր է հասնում։ Թեև օրվա ընթացքում համայնքապետարանի ջրցան ավտոմեքենաներով ճանապարհները մեկ-երկու անգամ ջրում են, սակայն դա կարճատև ազդեցություն է ունենում, և փոշին կրկին արագ տարածվում է։
Քանդված ճանապարհները դժվարացրել են նաև երթևեկությունը։ Շատ վարորդներ խուսափում են այդ փողոցներով երթևեկելուց և նախընտրում են շրջանցիկ ճանապարհները։ Ավելի դժվար է այդ փողոցներում բնակվող վարորդների վիճակը։ Պատկանյան փողոցում ապրող Կարեն Մկրտչանը պատմեց, որ ճանապարհի փոսերն այնքան խորն են, որ դժվար է հասնել բակ, ստիպված ավտոմեքենան կայանում է հարևան փողոցներում։
«Սա 1-2 ամսվա հարց չէ, ասում են՝ գարնանը նոր ավարտելու են շինարարությունը»,- նշում է Կարեն Մկրտչյանը։
«Հետքը» Վաղարշապատի համայնքապետարանից հետաքրքրվել է, թե օրական քանի աշխատող է ներգրավված նշված փողոցների հիմնանորոգման աշխատանքներում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ բանվորների թիվը նախագծանախահաշվային փաստաթղթերով չի սահմանվում։ Ըստ նրանց՝ նորմավորվում է միայն ինժեներատեխնիկական անձնակազմի թիվը, որը տվյալ դեպքում երեք մարդ է։
«Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է անցկացնում ինչպես համայնքապետարանում, այնպես էլ շինհրապարակներում՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշված է համայնքապետարանի պատասխանում։
Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ ճանապարհների հիմնանորոգումից առաջ նշված փողոցներում իրականացվել են կոյուղու համակարգի կառուցման աշխատանքներ՝ ներառյալ ներտնային միացումները։ Միայն այդ աշխատանքների ավարտից հետո են սկսվել ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։
Հ. Թումանյան, Ռ. Պատկանյան, Սոս Մանուկյան և Մ. Բաղրամյան փողոցներում կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեից։ Դրանք պետք է ավարտվեին մինչև 2026թ.–ի հունիսի 26-ը, սակայն, համայնքապետարանի պարզաբանմամբ, ժամկետները երկարաձգվել են անբարենպաստ եղանակի և շինարարության ընթացքում ի հայտ եկած լրացուցիչ, նախապես չնախատեսված աշխատանքների պատճառով։
Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար Վաղարշապատի համայնքապետարանը 2025թ.–ի հոկտեմբերի 9-ին «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքել է պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 824 մլն 400 հազար դրամ։ Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Միկան» ՍՊԸ-ն, որի ծառայության արժեքը կազմում է 2 մլն 400 հազար դրամ։ Ծրագիրը ֆինանսավորվում է համայնքային միջոցների հաշվին։



