Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և սպասում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից փոխադարձ քայլերի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր նպատակն է զրոյից վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, վերսկսել ռազմավարական գործընկերությունը։ Մենք հուսով ենք, որ նոր վարչակազմի օրոք կտեսնենք արդյունավետ փոխադարձ քայլեր»,-ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով դեսպանների համաժողովում։
Նոյեմբերի 30-ին Պետդեպարտամենտը հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է օրակարգ չներառել ԵՄ անդամակցության բանակցությունների հարցը մինչև 2028 թվականը։



