Վրաստանը մտադիր է արգելել առցանց կազինոները

Վրաստանի ֆինանսների նախարարը կներկայացնի նախաձեռնություն, ըստ որի առցանց կազինոների սեփականատերերի համար կբարձրացվեն հարկերը, կարգելվի դրանց գովազդը, իսկ առցանց կազինոներում խաղալու հնարավորություն ունեցողների տարիքային շեմը կավելանա մինչեւ 25 տարեկան։ Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։

Նրա խոսքով՝ հաջորդ փուլում Վրաստանը նախատեսում է ամբողջությամբ արգելել առցանց կազինոները։

«Բնակչությանը շատ հուզող հարց է մոլախաղերի բիզնեսը եւ առցանց կազինոները։ Այս առցանց կազինոների միջոցով երկրից մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն է հեռանում: Մեր քաղաքացիները, մեր երիտասարդները, ամեն օր խաղում են առցանց կազինոներում եւ գումարներ կորցնում։ Այդ գումարը կազմում է 500 միլիոն լարի։ Այս մասին խոսել եմ տնտեսական թիմի հետ, եւ ֆինանսների նախարարն արդեն տեսլական ունի։

Կարծում ենք, որ կներկայացնենք օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված առցանց կազինոների սեփականատերերի համար հարկերի բարձրացմանը։ Նրանց ճնշող մեծամասնությունը արտասահմանյան ընկերություններ են, եւ, ցավոք, մեր քաղաքացիների փողերը՝ 1,5 միլիարդ լարի, գնում է արտերկիր։ Նրանց մեծ մասը՝ 99%-ը, աղքատներն են, ովքեր չեն աշխատում։