Վրաստանի Բաղդատի շրջանի Ներգեեթի գյուղում փրկարարները ևս մեկ դի են հայտնաբերել սողանքի գոտում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
Նա նշել է, որ անհետ կորած անձանց որոնողափրկարարական միջոցառումները շարունակվում են։
«Այս պահի դրությամբ ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է չորս մարդու դի։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում հինգ անհետ կորածներին գտնելու համար։ Աշխատանքներին ներգրավված են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ և կինոլոգների խումբը։ Մոբիլիզացվել է լրացուցիչ տեխնիկա, և մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատել, մինչև չգտնենք մյուսների մարմինները։ Հավանաբար, մինչև օրվա վերջը կավարտենք աշխատանքը», - Մգեբրիշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։



