Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նե...

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրված հնագիտական նմուշներից մեկի բացատրագրին՝ մտահոգություն հայտնելով, որ դրանում պատմական Հայաստանի տարածքի առնչությամբ օգտագործվել է «Արևելյան Անատոլիա» անվանումը։

Ֆեյսբուքյան իր էջում պատմաբանը գրել է, որ Արուսյակ Սիմոնյանը Հայաստանի պատմության թանգարանում լուսանկարել է Ք. ա. 9–6-րդ դարերով թվագրվող պատկերազարդ բրոնզե գոտի, որի բացատրագրում նշված է. «Հայտնաբերման վայրը՝ անհայտ, Արևելյան Անատոլիա, Թուրքիա»։ Նույն ձևակերպումը ներկայացված է նաև անգլերեն։

Այվազյանի համոզմամբ՝ խնդիրը միայն առանձին ցուցանմուշի բացատրագրին չի վերաբերում։ Նա կարծում է, որ պատմական Հայաստանի տարածքների նկատմամբ «Անատոլիա» և «Արևելյան Անատոլիա» անվանումների կիրառումը պատմական տեղանունների նենգափոխման ավելի լայն գործընթացի դրսևորում է։

«Ժամանակին այս վտանգի՝ Հայաստանը «Անատոլիայով» կամ «Արևելյան Անատոլիայով» նենգափոխելու մասին գրել և նախազգուշացրել եմ և՛ հայերեն, և՛ անգլերեն, և՛ ռուսերեն»,– նշել է պատմաբանը։

Նա հիշեցրել է, որ խնդրին անդրադարձել է դեռևս 1998 թվականին հրատարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» աշխատությունում, որտեղ առանձին գլուխ է հատկացրել «Հայաստանի նենգափոխումը Անատոլիայով» թեմային։ Հարցին անդրադարձել է նաև 2007 թվականին Փարիզում հրատարակվող Europe & Orient հանդեսում լույս տեսած «Western Armenia vs Eastern Anatolia» («Արևմտյան Հայաստան ընդդեմ Արևելյան Անատոլիայի») հոդվածում։

Այվազյանն իր գրառման մեջ մեջբերել է 1998 թվականի աշխատությունից մի հատված, որտեղ հիմնավորում է, թե ինչու է սխալ համարում «Արևելյան Անատոլիա» անվան նույնացումը Հայկական լեռնաշխարհի հետ։

«Արևելյան Անատոլիայի նույնացումը Հայկական լեռնաշխարհի հետ սխալ է և՛ պատմական, և՛ աշխարհագրական տեսակետներից»,– գրել է նա՝ ընդգծելով, որ «Անատոլիա» եզրույթը պատմականորեն կիրառվել է Փոքր Ասիայի թերակղզու նկատմամբ։

Պատմաբանի ներկայացմամբ՝ 1920-ական թվականներից սկսած՝ սկզբում Թուրքիայում, ապա նաև արևմտյան գիտական շրջանակներում, «Անատոլիա» և «Արևելյան Անատոլիա» անվանումները սկսել են օգտագործվել Թուրքիայի արևելյան տարածքների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ։

Այվազյանը քննադատել է նաև ամերիկահայ պատմաբան Ռոնալդ Գրիգոր Սյունիի (Ronald Grigor Suny) աշխատություններում այդ եզրույթների կիրառումը։ Նրա գնահատմամբ՝ Սյունիի «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գրքում «Հայաստան» անվան փոխարեն հաճախ օգտագործվում են «Անատոլիա» և «Արևելյան Անատոլիա» անվանումները, ինչը կարող է աղավաղել պատմական Հայաստանի աշխարհագրական ընկալումը։

Որպես օրինակ՝ նա հիշատակել է նաև «անատոլիական հայեր» ձևակերպումը, որը, իր կարծիքով, անհիմն կերպով փոխարինում է պատմականորեն ընդունված «արևմտահայեր» կամ «թուրքահայեր» անվանումներին։

Պատմաբանն անդրադարձել է նաև թուրք հեղինակ Էսաթ Ուրասի աշխատություններին՝ պնդելով, որ թուրքական պատմագրության որոշ ուղղություններ երկար տարիներ փորձել են Հայաստանը ներկայացնել բացառապես որպես աշխարհագրական հասկացություն՝ առանց պատմաքաղաքական ինքնուրույն նշանակության։

Այվազյանը ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը վերագրում է նաև Հայաստանի քաղաքական իշխանություններին և պատմագիտության ոլորտի ղեկավարությանը։

«Բայց այժմ ունենք այն, ինչ ունենք, քանի որ ՀՀ քաղաքական իշխանությունն ու նրա նշանակած պատմագիտության ղեկավար կազմը երբեք օտար, առավել ևս՝ արևմտյան կեղծարարությունների դեմ պայքարելու հակում կամ ցանկություն չեն դրսևորել։ Այդ պատճառով էլ թուրքական պատմաքաղաքական կեղծիքն այսօր արդեն Երևանում է՝ ծլում է և բարգավաճում…»,– գրել է նա։

Գրառման ավարտին պատմաբանը հարց է ուղղել հայ պատմագիտական հանրությանը.

«Լավ, եթե հայ պատմաբանները չեն պաշտպանելու հայոց պատմությունը, հետո այսպիսի կեղծարարությունների դեմ պայքա՞րն էլ են ժողովրդի վրա բարդելու…»։

Նշենք, որ Այվազյանի հիշատակած 1998 թվականի աշխատությունն ու 2007 թվականի հոդվածը հրապարակված են նրա պաշտոնական կայքում։ Միաժամանակ, թանգարանի ցուցանմուշի բացատրագրի վերաբերյալ Հայաստանի պատմության թանգարանի պաշտոնական պարզաբանումը մեզ հասանելի աղբյուրներում չի հաջողվել գտնել։ Ուստի բացատրագրի ճշգրիտ ձևակերպումը ներկայացվում է ըստ Այվազյանի հրապարակման, իսկ դրա պատմաքաղաքական մեկնաբանությունը պատմաբանի գնահատականն է։