Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վիրավորական է անվանել այն, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը Մոլդովան Վրաստանից վեր է դասել։
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Վրաստանում «ավելի մութ պատկեր» է, քան Մոլդովայում։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցության վերջին գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և վկայում են ավտորիտարիզմի անցման մասին, ինչի պատճառով էլ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը կասեցվել է։
Բորելի խոսքով՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները թեստ կլինեն ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ուղու համար։
«Ինչ վերաբերում է Վրաստանին և Մոլդովային համեմատելուն, ապա դա, իհարկե, բացարձակապես վիրավորական է, դուք գիտեք, որ Վրաստանը առաջ է Մոլդովայից բոլոր առումներով՝ լինի դա ժողովրդավարություն, մարդու իրավունքներ»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, ապա, ինչպես նշել է վարչապետը, «Մոլդովայում մեկը մյուսի հետևից արգելվել են քաղաքական կուսակցություններն ու լրատվամիջոցները»։



