Վրաստանի փոխվարչապետ է դարձել ներքին գործերի...

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակել է երրորդ փոխվարչապետի պաշտոնում, հայտնում է կառավարության վարչակազմը։ Հրամանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 20-ին, որից հետո Գոմելաուրին դարձել է երրորդ փոխվարչապետը։ Առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, իսկ մյուս փոխվարչապետը պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին է, հայտնում է SOVA-ն։

Հատկանշական է, որ Գոմելաուրիի նշանակման մասին հրամանը ստորագրվել է մի քանի ժամ անց, այն բանից, ինչ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հայտնել են, որ ՆԳ նախարարը ենթարկվել է պատժամիջոցների և ներառվել է նաև «Մագնիտսկու համաշխարհային ցուցակում»։

Վախթանգ Գոմելաուրին Վրաստանի գործընկերներից շատերի կողմից քննադատվում է ցույցերը ցրելու՝ իր մեթոդների համար, որոնք, տեղացի և օտարերկրյա իրավապաշտպանների կարծիքով, դուրս են գալիս օրենքի սահմաններից: