Վրաստանի նախկին նախագահը լրագրողներին կհրավիր...

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որին ընդդիմությունը եւ միջազգային գործընկերների մի մասը համարում են պետության գործող ղեկավար, լրագրողներին կհրավիրի նոր գրասենյակ Նոր տարուց հետո։ Այս մասին նա հայտնել է «Փիրվելի» հեռուստաընկերության կարճ մեկնաբանությունում։

Նախօրեին նա հեռացել էր Օրբելիանիի նախագահական պալատից եւ հայտնել, որ իր հետ կտանի «լեգիտիմությունը, դրոշը եւ քաղաքացիների վստահությունը»։

Զուրաբիշվիլին «անընդունելի է անվանել» Միխայիլ Կավելաշվիլու կողմից, որին նա համարում է ոչ լեգիտիմ նախագահ, նոր «ռեպրեսիվ» օրենքների ստորագրումը։ Դրանցից մեկը նախատեսում է պետական պահպանության չեղարկում Զուրաբիշվիլու համար, գրել է «Эхо Кавказа»-ն։

«Պետական պահպանության հատուկ ծառայության մասին» օրենքի փոփոխությունների համաձայն, որը նախաձեռնել է «Վրացական երազանքը», նախագահը, վարչապետը եւ խորհրդարանի նախագահը անձնական պահպանություն չեն ունենա իրենց լիազորությունների ավարտից հետո, եթե Սահմանադրական դատարանը, 48-րդ հոդվածի համաձայն, հաստատի նրանց կողմից Սահմանադրության խախտումը կամ իրենց գործողություններում հանցագործության նշանների առկայությունը։

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ դատարանը Սահմանադրության խախտում է համարել Զուրաբիշվիլու այցերը Եվրոպա՝ առանց կառավարության հետ համաձայնեցնելու, սակայն կառավարող «Վրացական երազանքը» չի կարողացել հաստատել նրա իմփիչմենթը ձայների անբավարարության պատճառով։

Այսօր, չնայած այն բանին, որ օրենքն արդեն մտել է ուժի մեջ, Զուրաբիշվիլուն դեռ պահպանում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ընդգծել է «Эхо Кавказа»-ն։