«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն՝ որպես կուսակցության պատվավոր նախագահ։ Այս մասին տեղեկացրել է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Ուղիղ երեք տարի առաջ ես հասարակությանը տեղեկացրի իմ որոշման մասին, որ հեռանում եմ ակտիվ քաղաքական գործընթացներից։ Իսկ հիմա, երեք տարի անց, իմ իսկ նախաձեռնությամբ, որպես կուսակցության պատվավոր նախագահ, վերադառնում եմ քաղաքական կյանք»,- ասել է Իվանիշվիլին կուսակցության համագումարում։
Նա նշել է, որ վերադառնում է քաղաքականություն, որպեսզի պահպանի կառավարող կուսակցությունը պառակտման հնարավոր ռիսկերից եւ կոռուպցիայից՝ ջախջախված ընդդիմության պայմաններում»։
Իվանիշվիլին վրացական քաղաքականություն եկավ 2011թ.։ Նրա հիմնած «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց 2012թ. խորհրդարանական ընտրություններում՝ իշխանության գալով երկրում։ Իվանիշվիլին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը մինչեւ 2013թ. եւ կուսակցության նախագահի պաշտոնը մինչեւ 2021թ., ինչից հետո հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։