Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են իշխող «Վրացական երազանքի» նախընտրական նոր պաստառները։ Դրանց վրա արնագույն ֆոնի վրա պատկերված են ընդդիմության ներկայացուցիչներ և ձեռք, որը նրանց բռնել է թոկերի վրա, իսկ մակագրությունը՝ «Ո՛չ պատերազմին։ Գործակալներ չկան»,- հայտնում է Эхо Кавказа-ն։
Նախընտրական քարոզարշավի սկզբից ի վեր իշխող կուսակցության գովազդային պաստառներն ու տեսանյութերը բազմիցս քննադատության առիթ են դարձել ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում։ Նախկինում «Վրացական երազանքն» իր գովազդում համեմատել է պատերազմի հետևանքով ավերված Ուկրաինայի քաղաքները Վրաստանի իշխող կուսակցության օրոք վերականգնված կամ կառուցված շենքերի հետ։
Երեք հեռուստաալիքներ՝ «Մտավարին», «Ֆորմուլան» և «Պիրվելին» հրաժարվել են հեռարձակել նման գովազդ՝ պատճառաբանելով, որ դրանք պարունակում են ռազմական քարոզչություն, վախ են սերմանում ընտրողների մեջ և խախտում են էթիկական չափանիշները: Սակայն Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը դա համարել է խախտում և արձանագրություն է կազմել այդ հեռուստաալիքների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ։
Նախկինում հանձնաժողովը խախտումների արձանագրություն էր կազմել նաև «Մտավարիի», «Ֆորմուլայի» և «Պիրվելիի» նկատմամբ՝ «Վրացական երազանքի» նախընտրական տեսահոլովակը եթերից հանելու համար, որտեղ երևում էին քաղաքացիական ակտիվիստներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հնչում էր կոչը. «Ոչ ասա հասարակության բարոյական այլասերումին և ընտրիր ավանդական արժեքները»։