Վրաստանի իշխանությունները խոստացել են ընտրութ...

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմն անվանել է երկրի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության  նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի կողմից հանցավոր արկածախնդրություն և վստահեցրել, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո այդ կուսակցության նկատմամբ «հրապարակային դատավարություն» կանցկացվի:

«2008-ին այս մարդիկ միտումնավոր կազմակերպեցին ամենասարսափելի սադրանքը և լիովին գիտակցաբար կատարեցին դրսից ստացված հակապետական ​​խնդիրը։ Ումի՞ց է եկել այս հրամանը և ում առաջադրանքն են կատարել այն ժամանակվա իշխանության բարձրագույն պաշտոնյաները, մենք այստեղ միտումնավոր չենք անդրադառնա այս հարցին, քանի որ ամեն ինչ կպարզվի հրապարակային դատավարությամբ։ Այս գործընթացում մենք լինելու ենք հայցվոր կողմը, և Ազգային շարժումը պետք է կրի հավաքական պատասխանատվություն երկրի և ժողովրդի դեմ կատարված դավաճանական հանցագործության համար»,- ասված է «Վրացական երազանք» -ի հայտարարության մեջ։

Միաժամանակ, վրացական իշխանությունները ընդգծում են, որ «այդ ամենը չի մեղմացնում Ռուսաստանի կատարած հանցագործությունները, ոչ էլ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է մեր երկրի տարածքների օկուպացիայի համար»։