Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակում անցկացրել է մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ՝ քննարկելով երկու երկրների միջև համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունները և երկկողմ համագործակցության հետագա խորացման ուղիները։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ոլորտում և իրավապահ մարմիններում փոխգործակցության դինամիկային, ինչպես նաև երկու պետությունների նախարարությունների միջև արդյունավետ համակարգման հարցերին», - ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նաև բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան։
Այցի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաև Իսրայելի գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարար Ավի Դիխտերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են ագրարային ոլորտում երկու երկրների միջև գործընկերության բազմամյա բնույթը։ Քննարկվել են գյուղատնտեսության, առևտրի և տնտեսության բնագավառներում համագործակցության հիմնական ուղղությունները։
Բոճորիշվիլին Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ի հետ հանդիպմանը քննարկել է խորը պատմական և հոգևոր կապերը վրաց և Երուսաղեմի ուղղափառ եկեղեցիների միջև։
Այցի ընթացքում Բոճորիշվիլին նաև բանակցություններ է վարել իր իսրայելցի պաշտոնակից Գիդեոն Սաարի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի հետ։
Վրաստանը և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հունիսի 1-ին։ Երկրները վարում են մշտական քաղաքական երկխոսություն, համագործակցում են առևտրի, տնտեսության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում:



