
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական նոտա է հղել Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը՝ Մոսկվայի և Սուխումիի միջև միջազգային օդային կապի անթույլատրելիության կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
«2025 թվականի մայիսի 1-ին ռուսական ավիաընկերության անօրինական թռիչքը դեպի Աբխազիայի օկուպացված շրջան, ինչպես նաև Սուխումի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու և շահագործելու վերաբերյալ օկուպացիոն ռեժիմի հետ կնքված այսպես կոչված համաձայնագիրը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, օկուպացված տարածքների վերաբերյալ Վրաստանի օրենսդրության, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) կոնվենցիայի, որի անդամ են և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, կոպիտ խախտում է», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշում է, որ Ռուսաստանից դեպի օկուպացված Աբխազիա երթուղային հաղորդակցության մեկնարկը մտահոգության տեղիք է տալիս։