«Վրացական երազանք»-ի քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ նույնիսկ 2030 թվականին, հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը վրացական «Պիրվելի» թերթին տված հարցազրույցում՝ «Грузия Онлайн»-ի հաղորդմամբ։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը քարոզչություն է վարում Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցության դեմ։
«Լրագրողների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունը չի համապատասխանում ԵՄ անդամակցության թեկնածու երկրի վերաբերյալ մեր սպասելիքներին։ Մենք գիտենք, որ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա Եվրամիության անդամ, բայց դա անհնար կլինի, եթե երկիրը շարունակի այս ճանապարհով գնալ. «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը չի աշխատի», - ասել է Կոսը։
Կոսը հայտարարել է, որ Վրաստանը, լինելով թեկնածու երկիր, կրում է պատասխանատվություններ և պարտավորություններ, և եթե երկիրը չի կարողանում կատարել դրանք, իրենք չեն կարող ասել, որ Վրաստանը եվրոպական ուղու վրա է:
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ Վրաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության առումով իրավիճակը վատթարացել է։



