Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կ...

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն մի քանի օր է՝ կալանավորված է, իսկ իմպիչմենտի գործընթացը, որին կարելի էր նոր թափ հաղորդել Աջապահյանի թեկնածության առաջադրմամբ, կրկին փակուղի մտավ։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, երբ ԱԱԾ-ի և ոստիկանության գրոհը Մայր Աթոռի վրա տապալվել էր, Շիրակի թեմի առաջնորդն էլ հայտարարել էր, թե ոտքով գալու է Երևան՝ քննչական կոմիտե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իր փոխարեն վարչապետի թեկնածու են առաջադրում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր հերթին հայտարարեց, որ իր բոլոր 28 ստորագրություններով միանում է Աջապահյանի թեկնածությանը։ Քիչ ավելի ուշ միանալու պատրաստակամության մասին հայտարարեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և, փաստացի, կարելի է ասել՝ ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն կար, ինչը Սահմանադրությամբ բավարար էր իմպիչմենտի հարցը խորհրդարան ներկայացնելու համար։

Միքայել Սրբազանն այդ ժամանակ արդեն Քննչական կոմիտեում էր՝ իր պաշտպանությունը ստանձնած՝ Փաստաբանական պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ։ Վերոնշյալ իրադարձություններին արագորեն հետևեց Միքայել Սրբազանի հայտարարությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Արա Զոհրաբյանը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»։

Այդ ժամանակ ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Զոհրաբյանն ու Թաթոյանն են Սրբազանին համոզել ներկայանալ ՔԿ, ապա և խորհուրդ տվել չմտնել իմպիչմենտի գործընթացի տակ: Արդյունքում փաստացի տապալվեց իմպիչմենտի ձևավորվող ու ամենաիրատեսական տարբերակը։ Ընդ որում, այդ պահին Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու տարբերակը միակն էր, որ ուներ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ինչպես նաև անկախ երկու պատգամավորի աջակցությունը։