Ովքե՞ր են ի վերջո «ռևանշիստները», ո՞ւմ դեմ են...

«Անդրադառնանք Ադրբեջանի հետ համաձայնեցված, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» վտանգավոր հաջորդ կետին»,- հրապարակված տեսանյությում ասում է «Հայաստան» խմակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու մանրամասնում ասվածը։ «Այդ կետն ամրագրված է, ձևակերպված է հոդված ութերորդի տակ, ըստ որի «կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝դրանց բոլոր դրսևորումներով»»։ Այս կետը, ըստ էության, Ադրբեջանին նախապայման հանդիսացող, պահանջ հանդիսացող ռևանշիզմի դեմ պայքարի դիվանագիտական ձևակերպումն է։ Այլապես որևէ տրամաբանական պատճառաբանություն, թե ինչու այս կետը պիտի առանձին կետով հայտնվեր համաձայնագրում չկա, դատեք ինքներդ։ Կողմերից յուրաքանչյուրը, պետություններից յուրաքանչյուրն արդեն իսկ ներքին  օրենսդրությամբ պարտավորվում է պայքարել ցանկացած խտրականության, անհանդուրժողականության դեմ։ Նույն տրամաբանությամբ այստեղ կարող են լինել տասնյակ կետեր, օրինակ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին, այլ հանցագործությունների կանխարգելման մասին, բայց դրանք կարգավորվում են ներքին օրենսդրությամբ։ Ուրեմն՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել այս կետի մասին բանակցել և այն առանձին ամրագրել հետևյալ բառերով՝ բռնի ծայրահեղականություն և ահաբեկչություն, որովհետև բռնի ծայրահեղականություն, ահաբեկչություն ասելով, Ադրբեջանը նկատի ունի բոլոր հայերին, բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր խոսում են մեր ժողովրդի իրավունքների մասին, Արցախահայերի իրավունքների մասին, ովքեր պաշտպանել են մեր սահմանները, ովքեր մասնակցել են Արցախյան ազատամարտերին, ովքեր անգամ պարզապես եղել են Արցախում, բոլոր այս մարդիկ Ադրբեջանի համար հանցագործներն են։ Այս կետն ամրագրելու իմաստը՝ Ադրբեջանի առջև ցանկացած հային, Հայաստանի քաղաքացիներին հետապնդել կարողանալու համար դուռ բացելն է։ Այս կետի շրջանակներում ծայրահեղականություն, ահաբեկչություն կարող է դիտարկվել Ադրբեջանի համար ցանկացած ցույց Հայաստանում կամ ցանկացած միջոցառում, որը, օրինակ, առանցքում ունի Արցախահայերի իրավունքները։ Այս կետի շրջանակներում ցանկացած հարցազրույց, ցանկացած հրապարակային խոսք, որը խոսում է մեր իրավունքների, մեր պաշտպանունակության, ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին, կարող է դիտարկվել որպես ծայրահեղականություն։ Ասեմ ավելին, այս կետն արդեն իսկ գործունեության մեջ է մտած, այլապես, ինչպես բացատրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը կամ ատելության արշավն Արցախահայերի նկատմամբ։   Ուրեմն, այս կետն ամրագրելով Ադրբեջանը հնարավորություն է ստացել անսահմանափակ միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Ցանկացած ներքին իրադարձություն կարող է վերահսկվել որպես ծայրահեղականություն և ահաբեկչություն, և Ադրբեջանը պահանջելու է, որպեսզի պայքար իրականացվի այդ գործողությունների դեմ, այլապես ինքը կհամարի, որ համաձայնագիրը խախտված է»,-ասում է Քրիստինե Վարդանյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։