Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացվա...

«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն տավուշցիների: Նախաձեռնության անդամներից Մենուա Սողոմոնյանը նշեց, որ իրենք քիչ անց խորհրդանշական ակցիա կիրականացնեն:

«ՀՀ ոստիկանությունն այսօր իր աջակցությամբ, իր թողտվությամբ, կամ գոնե լուռ համաձայնությամբ ՀՀ քաղաքական թիվ մեկ սրբության՝ ՀՀ սահմանադրության քանի հոդված է թողնում, որ ոտնատակ լինի, քանի հոդված է ինքը խախտում, կամ խախտման մասնակիցը լինում»,-ասաց Սողոմոնյանը՝ թվարկելով այդ հոդվածները:

«Թշնամի երկրի ղեկավարը թելադրում է ՀՀ ղեկավարությանը, ասում է՝ փոխեք ձեր Սահմանադրությունը, եւ ՀՀ ղեկավարությունը դա պարտադրում է ժողովրդին:

Ոստիկանության մասին օրենքով չկա այդպիսի պարտավորեցնող դրույթ, որ հայ ոստիկանը պետք է գնա հայկական բնակավայրերը եւ ՀՀ քաղաքացիներից բռնություն գործադրելով ազատի:

Այսօր ապօրինի սահմանազատման դեմ բողոքող ազատ քաղաքացուն, որին ձերբակալում են, դիտմամբ թողնում հեռանում են, եւ դիմակավորված անձինք խոշտանգում են քաղաքացուն:

Այսօր ես չեմ կարող գնալ, մտնել Կիրանց գյուղ, դա ապօրինի է: Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված է, ավելի քան բարոյալքված է»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել: