Արդարադատության նախարարութունը ներկայացրել է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչներին (այդ թվում են նաև ոստիկանության ծառայողները) վերաբերող փոփոխություն է նախատեսված: Նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում:
Այս նախագծով նախարարությունն առաջարկում է ՔՕ-ում ավելացնել 317.1 հոդվածը՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը:
Համաձայն լրացված հոդվածի 1-ին կետի՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը`կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2-րդ կետի համաձայն ՝ եթե հանրային ծառայության մեջ գտվող անձին վիրավորելը կամ զրպարտելը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նախագծում նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար:
Նշենք, որ իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով: