Ոստիկանապետի պաշտոնակատարը ոստիկանի մահվան ել...

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այցելել է գիշերը վիրավորում ստացած ոստիկանին: Այցելությունն ավարտելուց հետո Սարգսյանը դեպքից որոշ հանգամանքներ ներկայացրեց:

«Ոստիկանության ծառայողը պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելու: Երբ մոտեցել են, վերջիններս դիմել են փախուստի, ոստիկանները հետապնդել են, կարողացել մեկին բռնել: Երկրորդը, որը կարողացել էր դիմել փախուստի, անսպասելի, «Հաղթանակ» զբոսայգու մոտ, մթության մեջ հարձակվել է մեր ոստիկանի վրա, փորձել ազատել իր բռնված ընկերոջը, քաշքշուքի ընթացքում հաջողացրել է ատրճանակը պոկել, որ պարանով ամրակապված է եղել և արձակել կրակոցներ»,- պատմեց նա:

Սարգսյանը նշեց՝ ենթադրում է, որ կենսական նշանակության օրգան է վնասվել, տեղեկացրեց՝ նախնական տվյալներով` մեկ կրակոց է եղել, զենքը դեռ չի հայտնաբերվել, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել են պարզել նշված անձանց ինքնությունը:

«Վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են: Քննության արդյունքներով հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի: Ես կարող եմ ասել, որ օրինապաշտ և իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, ոստիկանների հոտառությունը տեղն է եղել, մոտեցել են ճիշտ մարդկանց: Ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց, որ իրենց աշխատակիցները հասցրել են կապ տալ, ծառայակիցները մոտեցել են, բայց, ցավոք, մյուս գործընկերոջ կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նա կոչ արեց քաղաքացիներին գիտակցել՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա զենք բարձրացնելուն, նշեց՝ խստագույնս կպատժվեն նրանք, ովքեր կփորձեն նման քայլի գնալ:

Սպանված ոստիկանը՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանն, ըստ Սարգսյանի, արդեն իսկ կենսաթոշակի անցնելու տարիքում էր: Նա ամուսնացած է, ունի երեխաներ: Սարգսյանն ասաց՝ պատրաստ են պետության հնարավորությունների չափով օժանդակել նրանց:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։  Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել ոստիկաններից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Այնուհետև դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են, մեկը՝ անչափահաս․ նրանք ձերբակալվել են։

11112.thumb