Ադրբեջանի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայմանական՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը:
«Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, դա կարող է մի բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություններ ու իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ, ու պատերազմի հստակ օրն ու ժամը գիտեն:
Ես ուզում եմ հիշեցնել, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել, եթե խոսում են զոհերից՝ ապա գնացեք և վիճակագրությամբ տեսեք, թե ում իշխանության օրոք, ինչքան պատերազմ է եղել ու ինչքան զոհեր են եղել: Առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ երբ իրենք Ստեփանակերտի մատույցներին էին հասել, այդ մարդկանց պայքարի ու հերոսական ուղու շնորհիվ 12,000 կմ տարածք է եղել Արցախի Հանրապետության տարածքը»,- նշել է նա:



