Որպես հայ քրիստոնյա եմ ասում՝ վարդապետների կո...

Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով և կարծում եմ՝ պիտի հրապարակային պատասխան լինի, որպես հայ քրիստոնյա եմ ասում՝ վարդապետների կուսակրոնության հարցը միայն իրենց չի վերաբերվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևորականներին արված հայհոյախառն ու վիրավորական հայտարարություններին:

Հարցի՝ ի՞նչ հարց հնչի պետք է դրանց պատասխան տրվի, նախարարն ասաց. «Սա սովորական մարդուն վերաբերվող հարց չէ, աշխարհիկ կյանքով ապրող մարդուն վերաբերվող հարց չէ: Այո, եթե կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան, և իմիջիայլոց այդ պայմանն իշխանությունները չեն բերել: Այդ պայմանը դարերով ավանդույթներով փոխանցված պայման է, և հարցն ընդամենն այդ կոնտեքստում է»:

Հարցին է՝ Ձեր կարծիքով Կաթողիկոսի հնարավոր զավակ ունենալու հանգամա՞նքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե օրինակ Քաղաքացիական պայմանագիրն իր իշխանությամբ, Խուդաթյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունն ամրացնելու համար:

Դիտարկմանն էլ՝ նրանց իշխանության օրոք հանձնվեց Արցախը, ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, օկուպացված են ՀՀ պետական տարածքներ, այդ հանգամա՞նքն է շատ ավելի խնդիր, թե Վեհափառի հնարավոր զավակ ունենալը, նա ասաց. «Եթե դուք այդտեղ հիմնավորեիք, որ ձեր թվարկած պրոցեսները չէին լինի, եթե քաղաքացիական պայմանագիրը չլիներ իշխանություն, դա այլ հարց է: Վարչապետն այդտեղ էլ մեկնաբանություն արել է, որ ոչ թե պատերազմ է եղել մեր ժամանակ, մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն: Սա բառախաղ չի, դուք բացառո՞ւմ եք, որ այլ իշխանության պարագայում պատերազմն իր աղետալի հետևանքներով լինելու էր»։