«Դուք հիմա մի ամբողջ ժողովրդի, հանրության պահում եք ռազմական դրության ծանր ռեժիմի տակ միայն նրա պատճառով, որ որպես գերատեսչություն չեք աշխատել հեռատեսորեն եւ չեք կատարել ձեր տնային աշխատանքը»,- ԱԺ այսօրվա նիստում առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնայնը: Հիշեցնենք, որ ԱԺ-ի այսօրվա նիստում քննարկվում է ընդամենը մի հարց՝ ռազմական դրության չեղարկման հարցը, իսկ Առղջապահության փոխնախարարը, ներկայացնելով ռազմական դրությունը չեղարկելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության բացասական կարծիքը, հայտարարեց, որ այն չեղարկելու դեպքում հումանիտար օգնության ստացման գործընթացը կխաթարվի: Պատգամավոր Սամսոնյանը նկատեց, որ առողջապահական գերատեսչության թերացումների պատճառով հիմա քննարկվում են տեխնիկական հարցեր՝ որպես խոչընդոտ ռազմական դրության չեղարկման համար։ Նա շեշտեց, որ կան հարկային արտոնություններ տրամադրելու մեխանիզմներ, ինչպես նաեւ առանց ռազմական դրություն հաստատելու հումանիտար օգնություն ստանալու հնարավորություններ: Անի Սամսոնյաը հռետորական հարց ուղղեց, թե Առողջապահության նախարարությունը արդյոք չէ՞ր մտածում, որ Հայաստանը առաջիկա 5 տարիներին հումանիտար օգնություն պետք է ստանա, որովհետև այդ տարիներին շատ դժվար է լինելու մեղմել հումանիտար աղետը եւ ինչո՞ւ ռազմական դրության ռեժիմից դուրս օգնություն ստանալու մեխանիզմներ մինչ օրս չեն մշակվել:



