
Բյուջեի եկամուտների թերհավաքագրումը պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով նրան, որ 6 ամսվա տվյալներով, մոտ 116 մլրդ դրամով պակաս են հավաքագրվել հարկերը:
«Հարցն այն է, թե արդյոք մենք տարվա սկզբին ճիշտ էինք պլանավորել այդ ամենը եւ հաշվի առել էինք, որ ինչ-որ բաներ այլ կերպ է լինելու, թե իրական տնտեսական փոփոխություններ են եղել: Ես կարծում եմ, որ պլանավորման հետ կապված խնդիրներ են»,-ասաց նա:
Հարցին, թե սա ինչ ազդեցություն կունենա պետական ծախսերի ու տնտեսության վրա, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ծախսերը ավել կամ պակաս անելու կառավարության որոշումներին, ես կարծում եմ՝ որոշակիորեն ծախսերի ճշգրտում կլինի, ոչ մեծ: Բայց միաժամանակ այնտեղ տեղ կա, որովհետեւ մենք ունենք տարածք պարտքն ավելացնելու համար, եւ կա տարածք բյուջեի մի փոքր ավելի մեծ դեֆիցիտով աշխատելու տեսանկյունից: Կառավարությունն այստեղ խելամիտ հարաբերակցությունը կգտնի եւ կնպաստի ոչ միայն բարդ սցենարներին խուսափելուն, այլեւ թույլ կտա տնտեսական ակտիվությանը հարված չհասցնել, ավելի մեծ լինել»:
Մարտին Գալստյանը հավաստիացրեց, որ սեկվեստրի հարց չի լինելու: