Ազգային ժողովն այսօր քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների մասին՝ Փաշինյանը նշել է.
«Որպես ՀՀ վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել եւ բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա՝ ընդ որում արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին եւ մտածողությանը երբեւէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում: Հակառակ պարագայում մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետեւ կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատեւ աղբյուր մեր իսկ ներսում, մեր ամենօրյա իրականության մեջ՝ առանց այս փաստը խորությամբ եւ ամբողջությամբ ըմբռնելու եւ գնահատելու»:
Վերոնշյալ հարցի համատեքստում ՀՀ վարչապետը հարց է հնչեցրել՝ իսկ ո՞րն է իրական Հայաստանն ու արձանագրել.
«Իրական Հայաստանն այն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք եւ միջազգայնորեն ճանաչված սահմաններ եւ այս փաստի գիտակցումով միջազգային հանրության լիարժեք եւ հարգարժան անդամի ինքնագիտակցություն: Սա նշանակում է որոշակի պահվածք, որոշակի վարվելակարգ եւ որոշակի գործելակարգ, որը համապատասխան է միջազգայնորեն ընդունված եւ ճանաչված չափանիշներին»:
Ըստ վարչապետի՝ իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29,743 քկմ տարածք ունեցող երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը:
«Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում առանձնահատուկ կարեւորություն ունի հետեւյալ հարցը՝ իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը: Պիտի պնդեմ, որ ժամանակակից աշխարհում, եթե գոյություն ունեն երաշխիքներ՝ դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով, ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները: Դրական սպասումների իրականացման երաշխիքներ, պարզապես, գոյություն չունեն եւ, հետեւաբար, նմանօրինակ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումն այս ուղղությամբ հետեւողական աշխատանքն է, որը կարող է դրական երաշխիք դառնալ: Ուրիշ ճանապարհ պարզապես չկա: Բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների եւ հակափաստարկների հիման վրա, ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում»,- փաստել է ՀՀ վարչապետը:



