Անդրանիկ Թևանյանը գրում է.
Արցախի անկախության օրվա կապակցությամբ կենացային մրցավազք է, կեղծ պաթոս, ճոռոմ խոսքերի անձրև, էժանագին սելֆիներ, հայրենասիրության շքահանդես։
Իրականությունն այն է, որ 44–օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք Արցախի պետականությունը և կանգնած ենք Հայաստանի պետականության կորստի առաջ։
Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Հայաստանն արդեն իր իսկ անվտանգության երաշխավորը չէ։ «Անկախություն» և «տոն» բառերն այս պայմաններում դառը ժպիտ են առաջացնում․․․
Արցախի պետականության կորուստը երկար էր նախապատրաստվել։ Շուրջ 30 տարի։ Ղարաբաղյան ալիքի վրա եկածներն ու աթոռին հասնելուն պես Ղարաբաղը բեռ համարողները տասնամյակներ էին քարոզել այդ մասին։
Թշնամին նույնպես պարապ չէր նստել ու մեր երկրում տեղեկատվական դիվերսիաներ էր իրականացրել՝ հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն սերմանելով։ Նիկոլ Փաշինյանն այդ հակապետական կոդին տվեց արյունոտ վերջաբան։ Նա դարձավ Արցախի պետականության դահիճը և հավերժ նզովյալ պետք է լինի հայ ժողովրդի պատմության մեջ։
Արցախի պետականությունը մենք կորցրեցինք այն պահից, երբ քաղաքականությունը դարձավ անբարոյականություն ու դա հանդուրժվեց։ Նիկոլ Փաշինյանը անբարո քաղաքական միջավայրից ծնված գործիչ է և նրանից այլ բան չէր սպասվում, քան այն, ինչին մենք ականատես եղանք 2018–ի մայիսի 9–ից սկսած։
Հիմա մենք գաղափարափիլիսոփայական ջրբաժանի և էքզիստենցիալ ճգնաժամի առաջ ենք կանգնած։
1988–ի նախագիծը մոտ է վերջնական տապալման։ Այս տապալումն այժմ հրամցվում է «խաղաղության դարաշրջանի» պիտակով։ Այդ ուղղությամբ աշխատոմ են մեր թշնամիներն ու ՀՀ օրվա իշխանությունները։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար չէ կռահել։
Մեկ բան հստակ է․ Արցախը Հայաստանի գոյության իմաստն է ու առաքելությունը։ Մեզ հիմա զրկում են այդ գոյության իմաստից ու առաքելությունից, քանզի մեր թշնամիները շատ լավ գիտեն, որ գոյության իմաստից ու առաքելությունից զրկված պետությունն ու ազգը ենթակա են կործանման։ Սեպտեմբերի 2–ը սրա մասին լուրջ մտածելու խորհրդանշական օր է։