
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քաղաքական պատճառը, թե ինչու են Գյումրիում անցկացվում ավագանու արտահերթ ընտրություններ։
Գյումրիում կայացած միջոցառման ժամանակ վարչապետը հիշեցրել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ամենաշատը մեղադրում են նրա համար, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետությունից թալանվածը հետ չի վերադարձնելու հարցում այնքան էլ մեծ հաջողություններ չկան։
«Իրականում ես պիտի չհամաձայնեմ այս տեսակետի հետ, և այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ առումով այդ գործընթացում մեր ինստիտուցիոնալ հաջողության ուղղակի վկայությունն է։ Ես ուզում եմ հիշեցնել, թե երբ Գյումրիի ավագանիում խնդիր առաջացավ, երբ Հայաստանում վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը՝ Սև բերդը, սեփականաշնորհվել է ապօրինի ձևով և պետք է վերադարձվի համայնքին։ Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան այդ գույքը համայնքին վերադարձնելու համար։ Իհարկե, որոշակի պայմաններում Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես եկավ նախաձեռնությամբ և այդ պայմաններում, ըստ էության, ավագանին կողմ քվեարկեց, բայց պիտի պարզվեր, որ աշխատանքը դրանով ավարտված չէ, և Գյումրիի քաղաքապետարանը դատարանում պետք է պաշտպանի այդ հայցը։ Եվ ամենակարևորը՝ ներդրվում է ինստիտուտ, որի շնորհիվ արդեն ոչ թե քաղաքական որոշումների, ոչ թե քաղաքական նյարդերի, այլ ինստիտուցիոնալ ձևով Գյումրիում և հանրապետության մնացած համայնքներում իրականացվի ապօրինի սեփականաշնորհված գույքի հետ վերադարձնելու աշխատանքը։ Ահա այստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ, և, ըստ էության, Գյումրիի ավագանու մեծամասնությունը, հրաժարական տալով, հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում ավագանու արտահերթ ընտրություններ։ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են տեղի ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Այս ընտրությունները իրականում այս համատեքստն ու ենթատեքստն ունեն»,- մանրամասնել է վարչապետը։