Որակյալ կաթը առողջ սննդակարգի կարևոր մասն է կ...

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում հունիսի 1-ը նշվում է որպես կաթի համաշխարհային օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա նպատակն է նպաստել հանրության շրջանում կաթի և կաթնամթերքի լայն օգտագործումը: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ որակյալ կաթը առողջ սննդակարգի կարևոր մասն է կազմում: «Կարևոր է ունենալ  որակյալ կաթի արտադրություն, և  վերջերս մենք հաստատեցինք մի կարևոր ծրագիր, որը նպաստելու է խոշոր ներդրումներին, այդ թվում՝ հենց կաթի արտադրության և անասնապահության ոլորտում»,- ասաց նա:

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, խոսելով կաթի կարևորության մասին, ընդգծեց, որ կաթ պետք է խմեն և´ փոքրերը, և´ մեծերը, և շատ կարևոր է կաթը ներառել նաև դպրոցական սննդի ծրագրում: «Առողջ ոսկորներ, կազմվածք ունենալու, ինչպես նաև վիրուսներին դիմակայելու համար շատ կարևոր է կաթի ամենօրյա օգտագործումը»,- ասաց նա:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն էլ հավելեց, որ իր գլխավորած կազմակերպությունը մեծ ներդրում ունի նաև կաթի արտադրության ոլորտում: «Մեզ մոտ կթի պրոցեսը փակ ցիկլով է կատարվում, ինչը մեզ թույլ է տալիս մաքուր կաթ ստանալ, ամեն կիթից հետո մաքրվում են խողովակները, ֆիլտրերը, և դա էլ հենց որակյալ կաթնամթերք ունենալու գրավականն է»,- ասաց նա:

Երեմյանը ցավով նշեց, որ Հայաստանում կաթնամթերք քիչ են օգտագործում, քանի որ, ինչպես քաղաքացիներն են նշում, որակյալ կաթնամթերք քիչ է հանդիպում:

«Մենք պետք է կարողանանք պրոպագանդել, որ ավելի շատ կաթնամթերք օգտագործեն Հայաստանում»,- ասաց նա:

Նշենք, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր «Կաթը սեր է» կարգախոսով միացել է ՄԱԿ-ի կողմից անցկացվող «Վայելի՛ր կաթնամթերքը» արշավին: