Օրերս առողջապահության նախարարությունն ընդունել է երեխայի հիվանդության պատմագրի նոր ձև։ Ըստ այդմ՝ բժշկական հաստատություններում երեխաների հիվանդության պատմագրերում սեռի դիմաց բացի «արական»-ը և «իգական»-ը, կարող է նաև «ճշտված» գրվել:
Այս փոփոխությունը տարբեր քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել՝ առաջ բերելով տարատեսակ մեկնաբանություններ։ Որոշ անձանց կարծիքով՝ սա ԼԳԲՏ համայնքի պրոպագանդայի մաս է կազմում, փաստացի երեխային ապագայում հնարավորություն է տրվելու որոշել իր սեռը։
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից մեկնաբանություն է խնդրել:
Առողջապահական գերատեսչությունից պարզաբանել են, որ փաստաթղթի 21-րդ կետում նշված երեխայի սեռին վերաբերող տողի «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)» եզրույթը զուտ բժշկական նշանակություն ունի՝ նախատեսված նորածնային և կրծքի հասակի երեխաների համար:
«Ցավոք, առկա են մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում երեխայի ծննդի պահին հնարավոր չէ որոշել նրա սեռը՝ ելնելով արտաքին սեռական օրգանների տեսքից: Նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ՝ մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները և այլն: Այս դեպքերում պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային քննություններ, այդ թվում՝ գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում)»,- մանրամասնել են գերատեսչությունից:
Ըստ նախարարության՝ նշված բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, սակայն կան, ուստի, վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ ևս նշում պետք է լինի: Հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո միայն հնարավոր է պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը․ «Երեխայի հիվանդության պատմագիրը լրացնում է բժիշկը, իսկ վերջիններս ունեն մասնագիտական գիտելիքներ և ամբողջությամբ տիրապետում են վերոհիշյալ տեղեկատվությանը»։
Նախարարությունից նաև հայտնել են՝ ԽՍՀՄ-ում գործող «Ծննդի մասին» բժշկական վկայականի քաղվածքում ևս առկա է եղել նշում՝ «տղա-աղջիկ-չորոշված»։ 2009 թվականին հաստատված «Ծննդի մասին» բժշկական վկայականում», որը վերանայվել և վերահաստատվել է 2017-ին, կրկին նշվում է՝ «արական-իգական-չի որոշված»:
Այսպիսով՝ երեխայի հիվանդության պատմագիրը համապատասխանեցվել է գործող իրավական ակտերին՝ ելնելով երեխայի և ընտանիքի լավագույն շահից:



