Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով:
«Քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է»,- ասել է վարչապետը և ընդգծել համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը, քանի որ, ըստ վարչապետի, ի վերջո և՛ «համայնք», և՛ «պետություն» հասկացությունները կոլեկտիվ ջանքի արդյունքում կյանքը բարելավելու գործիքներ են:
«Այս համատեքստում, շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է: Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է՝ կարևոր է, որ լիազորությունների հետ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում տեղի ունենա, ինչը վերաբերում է ոչ միայն ավագանուն և համայնքին, այլ նաև բնակչին և քաղաքացուն: «Պետք է արձանագրեմ, որ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև, և այդ ճեղքը երևում է Հայաստանի շատ քաղաքացիների շեմքից դուրս և շեմքից ներս իրավիճակներում, որովհետև շատ քննարկված հարց է մեզնում հատկապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ:
Այստեղ է, որ այս ճեղքն առաջանում է, որովհետև սկսած շքամուտքից, բակից՝ քաղաքացին, մարդն այլևս չունի այն վերաբերմունքը, ինչ վերաբերմունք որ ունի դռնից ներս, որովհետև այդտեղ մեր սոցիալ հոգեբանությունը ձևակերպված է «իմ տունն իմ ամրոցն է» խոսույթի և ասացվածքի ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարական հասարակությունում կառավարման մասով առնվազն պետք է մի փոքր հրաժարվել «իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից կամ մի փոքր այն վերաձևակերպել: «Մենք պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է, որի շեմքից ներս մենք, իհարկե, ունենք անձեռնմխելի իրավունքներ, բայց շեմքից դուրս նաև՝ որոշակի պատասխանատվություն ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած պետություն նույնպես համայնքային կազմակերպման ավելի լայն մի կառույց է:
Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հանրության վերաբերմունքը համայնքի, պետության նկատմամբ և ընդգծել սոցիալ-հոգեբանական մակարդակում որոշ ավանդույթների փոփոխության կարևորությունը: «Շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք: Դրանք այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում, որովհետև դրանք ավանդույթներ են այն մասին, որ մենք անկախ պետություն պետք է չլինենք, մենք համայնքային կառավարում չպետք է ունենանք, մենք պետք է ունենանք բդեշխային կառավարում, մենք պետք է ունենանք օկուպացիոն կառավարում: Հետևաբար, շատ ավանդույթներ կան, որ հենց այս տրամաբանության մեջ են»,- նշել է երկրի ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է, որ պետք է տարբերել ավանդույթները և հստակ շեշտադրում դնել այն ավանդույթների վրա, որոնք պետական են, համայնքային են և որոնք նպաստում են տեղական ինքնակառավարման և պետական ինստիտուտների կայացմանը՝ որպես համընդհանուր բարեկեցության գործիք:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա առիթով և նշել, որ ՏԻՄ-ն այն ոլորտներից է, որտեղ գրանցվել են հաջողություններ. «Այստեղ ես պետք է գնահատանքի հատուկ խոսքեր ասեմ Կառավարության անդամներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին, որովհետև առանց այդ համագործակցության հնարավոր չէր դա անել: Նորից ուզում եմ կիսել իմ համոզվածությունը, որ այդ հաջողությունները միանշանակ և աներկբայորեն կապված են ժողովրդավարության հետ, այդ հաջողությունները կապված են ընտրությունների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու այդ ավանդույթի ներդրման հետ»:
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը: