Վիճակախաղերի օնլայն տիրույթը արգելափակելով` գ...

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ որ ինքը կողմ է վիճակախաղերի արգելափակամանը, սակայն  դեմ է բուքմեյքերական գրասենյակները փակելուն, քանի որ դրանք տեղի են ունենում հիմնականում օնլայն ձևով:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Երևանում արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, և այն թույլատրել միայն սահմանված վայրերում.

«Ես գիտեմ մարդկանց, որոնք նախկինում ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ էին գնում գրասենյակում խաղադրույք անում, իսկ հիմա՝ առցանց տիրույթում, ամեն օր կարող են անել: Տանը պառկած՝ կարող է աշխատավարձը ծախսել խաղադրույներ անելով, և որևէ մեկն այդ մասին չիմանա»: 

Politik.am-ի հարցին, թե արդյո՞ք կիսում է Հայկ Սարգսյանի մտահոգությունը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ մտահոգություններ ունի մի պարագայում, որ գրասենյակները փակելու դեպքում, մենաշնորհային վիճակ ստեղծելով, չաջակցեն մեկ այլ կառույցի, որը ավելի շատ օնլայն տիրույթում է գործում.

«Ինձ համար բացառապես անընդունելի է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը ինչպես գրասենյակներում, այնպես էլ օնլայն տիրույթում: Երբ հարցը 2-3 ամիս առաջ քննարկվեց, ես շատ ոգևորվեցի դրանից` առաջարկելով առհասարակ արգելել գովազդը օնլայն տիրույթում: Իհարկե քննարկվեց որ դա բարդ է, քանի որ եթե օնլայն տիրույթում չենք արգելում գործել, ստացվում է գործի 0.5 տոկոսն ենք կատարում»:

Հովսեփյանը ավելացրեց` օնլայն տիրույթում արգելափակում մտցնելով` գործը իրապես արված կլինի, իսկ գրասենյակները փակելը  կլինի մասամբ արդյունավետ:

Աննա Հովհաննիսյան