Այսօր՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը: Տոնի առթիվ ընթերցողներին, հեռուստադիտողներին, ռադիոլսողներին, սոցիալական ցանցերի օգտատերերին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում:
Politik.am-ը լսել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի կարծիքը Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ: Անդրադառնալով վարչապետի խոսքին՝ Ենոքյանն ասում է.«Ես սխալ եմ համարում, երբ իշխանությունները գնահատում են մամուլի ազատությունը: Մամուլի ազատությունը կարող են գնահատել մամուլի աշխատողները կամ ընթերցողները: Սա մեզ համար է շատ ավելի կարևոր և ակնառու: Իսկ մամուլի ազատությունը ապահովելը իշխանությունների սահմանադրական պարտականությունն է: Եթե կատարում են իրենց աշխատանքը, լավ են անում, եթե չեն կատարում, իրենց դրա համար պետք է քննադատել: Իսկ աշխատանքը կատարելու համար իրենց գովաբանելը ես սխալ եմ համարում. դրա համար իրենք աշխատավարձ են ստանում»:
Խոսելում վերջին մեկ տարում մամուլի ազատության մակարդակի մասին՝ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավարը նշում է. «Ես կարծում եմ՝ վերջին մեկ տարում էական բան չի փոխել մամուլի ազատության հետ կապված: Խնդիրն այն է, որ մամուլը իր ձևով և բովանդակությամբ անընդհատ դինամիկայի մեջ է, և այս 1 տարվա մեջ զարգացումները ավելի շատ են: Այս մեկ տարվա մեջ մամուլը ավելի շատ է մղվում դեպի վիրտուալ ոլորտ, ավելի շատ է սկսում մրցակցել սոցցանցերի հետ: Երկրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք այլևս չունենք ինստիտուտցիոնալ ընդդիմություն, այդ պատճառով կամա թե ակամա այդ դերը ստանձնում է մամուլը՝ որպես վերջին գործիք, որ կարող է իշխանություննորի գործողությունները վերահսկել: Եվ այս առումով մամուլը ավելի շատ է հայտնվում թե՛ հասարակության, թե՛ իշխանության ֆոկուսում, այսինքն՝ մամուլի դերը չափազանց է բարձրանում»:
Անդրադառնալով Փաշինյան-Մեդվեդև հանդիպման ժամանակ Մեդվեդևի քմծիծաղի մասին վարչապետի հրապարակմանը՝ Ենոքյանն ասում է. «Քանի որ մամուլի դերը մեծ է, քան նախկինում՝ վերը նշված պատճառներով, այն ազդում է բոլորի վրա, այդ թվում՝ վարչապետի, և նա ցանկանում է իր մեկնաբանությունը դնել եղած տարբեր մեկանաբանությունների շարքում: Իհարկե, նրա մեկնաբանությունը ավելի ազդեցիկ է և ավելի ուղղորդող, բայց սա պարզապես խոսում է այն մասին, որ վարչապետը շատ զգայուն է նման մեկնաբանություների նկատմամբ»:



