Վերջերս շատ եք կրկնում «սուտ ասել» ու «խաբել»...

«Սա պարզ, խիստ պրիմիտիվ շահարկում է»,-ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն՝ անդրադառնալով ուժային կառույցների վերաբերյալ իր ելույթի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչեցրած մեկնաբանություններին.

«Եթե նպատակը լիներ վերահսկողությունը, դուք արդեն իսկ մեզնից առաջ փոփոխության նախագիծ էիք բերել օրակարգ: Բայց ոչ, Ձեր նպատակը շահարկելն է, պարզ պոպուլիզմը, շահարկումը: Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ ԱԺ-ն վերահսկողություն է սահմանում գործադիր իշխանության նկատմամբ, և մեզ ոչինչ չի խանգարում փոփոխություններ կատարել ու «վարչապետ», «կառավարության անդամներ» բառերի կողքին ավելացնել «առընթեր մարմիններ» բառերը: Այստեղ չկա խաբեություն, տիկի՛ն Սամսոնյան, մենք երբևէ որևէ մեկին չենք խաբել: Վերջերս շատ եք կրկնում «սուտ ասել» ու «խաբել» բառերը, մոռանում եք, որ Ձեր առաջ բարձր լեգիտիմություն ունեցող պատգամավորներ են»:

Պատգամավորը հորդորեց հենվել քաղաքակիրթ բանավեճի սկզբունքների վրա և նշեց, որ քաղաքական բանավեճի առանձնահատկությունն այն է, որ բանավիճողները լսարանի մոտ են ձևավորում կարծիք, ոչ թե փորձում են իրար համոզել:

Աբրահամյանի խոսքով՝ իրենք լավ հիշում են՝ ով գնաց նախագահական, ում ձեռքը սեղմեց ու հայտարարեց, որ «ոչ»-ի ճամբարն իրենց տեղը չէ.«Այո, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, որը մենք անելու ենք»: