Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադ...

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի դուստրը, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը նշված համայնքի վարչական սահմաններում ցանկանում է կայանների տեղակայման տարածքներ ձեռք բերել, հիշյալ տեղեկատվությունը տրամադրելով հորը՝ օժանդակելով նրան վերոնշյալ ընկերությանը համապատասխան տարածք տրամադրելու գործընթացում:

Դստեր կողմից շահույթ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականության հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակություն ունեցող գերեզմանոցի տարածքից 0.20 հա մակերեսով հողամասը 2008 թ. սեպտեմբերին վարձակալության պայմանագրով տրամադրել է դստերը՝ 10 տարի ժամկետով, տարեկան 1336 դրամ վարձավճարով:

Այնուհետև՝ 2008 թվականի հոկտեմբերին, համայնքի նախկին ղեկավարի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, վերջինիս դուստրը նշված հողատարածքից 200 ք. մ -ն, ամսական 40000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերությանը, որի հետևանքով համայնքի շահերին անզգուշությամբ պատճառվել է 5.029.677 ՀՀ դրամ գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), վերջինիս դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: