Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում մինչև 2040թ. Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրում և ժամանակացույցում փոփոխություն կատարելու մասին որոշում կայացրեց:
ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ փոփոխության հիմքերից մեկն այն է, որ 2022 թվականին էներգետիկայի բնագավառում արդեն անցել են ազատ շուկայավարման կանոններին:
«Այն էականորեն փոխել է իրավիճակը, մասնավորապես՝ մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, որով նախատեսվում էր ռազմավարությունում»,-ասաց փոխնախարարը:
Վաչե Տերտերյանը հայտնեց, որ կարողացել են մեծացնել նաև այլընտրանքային էներգիայի արտադրության արևային ֆոտովոլտային կայանների ստեղծման տեմպերը, ինչը հնարավորոթյուն է տալիս ռազմավարության որոշակի ցուցանիշներ վերանայել, կամ բարելավել:
«Այս պայմաններում մենք նոր ցուցանիշ ենք սահմանում 2040թ.-ի համար և ոչ միայն ֆիզիկապես ենք ֆիքսում, որ 1000 մգ/վատի փոխարեն մինչև 2040թ. 2000 մգ/վատը վերականգնվող էներգետիկայի մասնաբաժին կունենանք»,-հայտարարեց փոխնախարարը՝ նշելով, որ դրա մեջ հաշվարկված չէ քամու էներգիայի օգտագործման ցուցանիշը:
Նա նաև հայտնեց, որ ռազմավարության նոր փոփոխությամբ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 2040թ.-ին նախատեսվում է հասցնել 50-60%-ի:



