Դատախազության շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա ի աջակցություն 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի։
Ակցիայի մասնակիցները դիմում են փոխանցել Աննա Վարդապետյանին, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի տիկին Վարդապետյան, մենք ՀՀ քաղաքացիների մի խումբ չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, դիմում ենք ձեզ խնդրելով ուշադրություն դարձնել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի միջոցին: Դավիթ Մինասյանը դպրոցական է և ունի առողջական խնդիրներ, որոնք՝ մեր համոզմամբ, անհամատեղելի են կալանքի պայմանների հետ և կարող են վտանգել նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունը: Բացի այդ, նա փաստացի զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից այն դեպքում, երբ դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ: Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության և ապագայի վրա, ինչպես նաև առողջության: Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում կիրառված խափանման միջոցը անհամաչափ ծանր հետևանքներ է առաջացնում՝ հաշվի առնելով Դավիթի տարիքը և առողջական վիճակը: Խնդրում ենք ձեր լիազորությունների շրջանակում վերացնել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը, ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի Դավիթ Մինասյանի կրթություն ստանալու իրավունքը: Մենք մեր դիմումը ներկայացնում ենք որպես քաղաքացիական խնդրանք և մարդկային կոչ, առաջնորդվելով մարդասիրության, համաչափության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով: Հույս ենք հայտնում, որ դուք ուշադրությամբ կվերաբերվեք մեր դիմումին և կձեռնարկեք անհրաժեշտ քայլել՝ կանխելու երիտասարդի կյանքի և ապագայի հնարավոր ծանր հետևանքները»։
Մանրամասն՝ տեսանյութում։



