Վենսը նշել է, որ Մասկը կշարունակի ներգրավված...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Իլոն Մասկը կշարունակի մասնակցել ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքներին, չնայած համագործակցության ձևաչափի փոփոխությանը։ Դրա մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով կառավարությունում ձեռնարկատիրոջ դերի մասին հարցին։

«Նա ամբողջությամբ չի լքում «ասպարեզը». նա պարզապես ամեն օր Վաշինգտոնում չի լինի, քանի որ ունի հիմնական աշխատանք: Մասկը առաջվա պես կանոնավոր ​​​​դեր կխաղա»,-պարզաբանել է Վենսը: Փոխնախագահը նշել է, որ Մասկի արդեն իսկ ձեռք բերված աշխատանքը տպավորիչ է և լավատեսություն հայտնեց ապագա հաջողությունների առնչությամբ։

Վենսն ընդգծել է, որ իրականացված նախաձեռնությունները հնարավորություն տվեցին զգալիորեն կրճատել կառավարության ծախսերը։ «Մենք վերացրել ենք հսկայական քանակությամբ վատնումներ և խարդախություններ՝ խնայելով հարկատուների հարյուրավոր միլիարդ դոլարները։ Դա պատմության մեջ կառավարության արդյունավետության ամենանշանակալի բարելավումներից մեկն է»,-ասել է նա։ Ծրագրի արդյունքների լիարժեք գնահատումը, ինչպես կանխատեսվում է, հնարավոր կլինի միայն 2026 թվականին։

Մասկի՝ որպես կամավորական հիմունքներով աշխատող «հատուկ պետական ​​ծառայողի» ժամկետը սահմանափակվում է 130 օրով։ Անցյալ շաբաթ գործարարը հայտարարեց, որ հաջորդ ամսվանից սկսած կրճատելու է իր մասնակցությունը DOGE-ում: