Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Դատական համակարգից «Փաստինֆո»-ն հայտնում է, որ դատարանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։
Մասնավորապես, հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկելու դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը։ Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերաբաշխվել էր։
Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է ավելի հեռուն գնալ և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան, թեև կողմերը պնդում էին, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Ռուշանյանն այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Վեհափառ Հայրապետի մեղադրանքում նշված չէ, թե կոնկրետ որտեղ է ընդունվել հայրապետական տնօրինությունը՝ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ, թեև ԳՀԽ անդամների մեղադրանքում նշված է, որ խոսքն Էջմիածնի մասին է։ Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։



