Վաղաժամկետ ազատ արձակված 40-ամյա տղամարդը հայ...

Վայոց ձորի մարզի բնակիչ 40-ամյա Արման Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց երեկվանից՝ հոկտեմբերի 31-ից, անժամկետ հացադուլ է հայտարարել, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Ա. Սարգսյանը դատապարտված է եղել ազատազրկման 5 տարի ժամկետով և պատիժը կրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Օրեր առաջ` հոկտեմբերի 11-ին, դատարանի որոշմամբ, վաղաժամկետ ազատ է արձակվել, քանի որ քրեակատարողական հիմնարկում մասնակցել է  վերասոցիալականացման ծրագրերին  և դրսևորել է դրական վարքագիծ։

Մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ա. Սարգսյանին կրկին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և պատժի մնացած մասը ևս այնտեղ կրելու պահանջով:

Կայքի հետ զրույցում Ա. Սարգսյանը ասել է, որ իր խնամքին ունի 2 անչափահաս երեխա, պատրաստ է չվճարված հարկերը մարել, ինչպես կնքվել են պարտավորագրերը, միայն թե իրեն կրկին քրեակատարողական հիմնարկ չտեղափոխեն։

Վերջինս դիմումներ է գրել ՀՀ Վարչապետին, ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ Արդարադատության նախարարին և հուսով է, որ իր խնդրանք-պահանջը կբավարարվի։