ԱՄՆ վարչակազմն առևտրային համաձայնության է հասել Արգենտինայի, Գվատեմալայի, Էկվադորի և Սալվադորի հետ, որով նախատեսվում է Վաշինգտոնի կողմից ներմուծվող որոշակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սալվադորի, Արգենտինայի, Էկվադորի և Գվատեմալայի հետ բեկումնային առևտրային համաձայնագրերի մասին, որոնք ավելի լայն և պարզեցված մուտքի հնարավորություն են բացում Արևմտյան կիսագնդում Ամերիկայի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մի քանիսի շուկաներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բոլոր չորս երկրների դեպքում խոսքը մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցման կամ լիակատար չեղարկման մասին է։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Վաշինգտոնը կհրաժարվի Էկվադորի, Սալվադորի և Գվատեմալայի նկատմամբ մաքսատուրքերից այն ապրանքների համար, որոնք չեն կարող «աճեցվել, արդյունահանվել կամ բնականորեն արտադրվել ԱՄՆ-ում բավարար քանակությամբ»։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ համաձայնեցված միջոցառումները կարող են թույլ տալ իջեցնել, մասնավորապես, բանանի, սուրճի և շոկոլադի գներն ամերիկացիների համար։
Իր հերթին, ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրը The Financial Times-ին հայտնել է, որ ապրանքների մեծամասնության համար կպահպանվեն 10-15%-ի չափով մաքսատուրքերը։ Աղբյուրը հավելել է, որ համաձայնագրերը կարող են հրապարակվել երկու շաբաթվա ընթացքում։



