ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մերժում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ երկկողմ հանդիպումների առաջարկները, հայտնում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Կալլասը ներկայումս մնում է հանրության աչքից դուրս, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ իր բարդ հարաբերությունների պատճառով։
Սեպտեմբերին Politico-ն հաղորդել էր, որ Կալլասը Բրյուսելում բախվում է աճող քննադատության՝ Ռուսաստանի և Գազայի հարցում իր դիրքորոշման և գործընկերների հետ լարված հարաբերությունների համար: Հրատարակությունը նշել էր, որ նրա՝ որպես եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավարի գործունեությունը, չի տպավորել Եվրահանձնաժողովի մի շարք գործընկերներին և Բրյուսելի քաղաքական շրջանակների այլ անդամներին: Հրատարակության համաձայն՝ Կալլասը լարված հարաբերություններ էր զարգացրել, մասնավորապես՝ Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
Կալլասը նշանակվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ 2024 թվականին։ Նախկինում նա զբաղեցրել է Էստոնիայի վարչապետի պաշտոնը։



