Վարդենիս համայնքը միացել է ԵՄ «Կայուն էներգիա...

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը 2025 թվականի մայիսի երրորդ տասնօրյակից միացել է ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» ծրագրի միջոցառումներին։

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  այս տարվա միջոցառումները կրում են «Արդար և մրցունակ կանաչացման խթանում» խորագիրը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում։ Գեղարվեստի դպրոցի 10-12 և 13-15 տարեկան սաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ծրագրին՝ ստեղծելով աշխատանքներ, որոնք արտացոլում են իրենց պատկերացումները կայուն զարգացման և էկոլոգիական պատասխանատվության մասին։ Նախատեսվում է ծրագրի ավարտին կազմակերպել ցուցահանդես՝ «Մեր կանաչ համայնքը» խորագրով, որի նպատակն է երեխաների ստեղծագործությունների միջոցով տարածել էկոլոգիապես պատասխանատու վարքագծի գաղափարը և ներկայացնել նրանց տեսլականը՝ կայուն ու էկոլոգիական առումով մաքուր ապագայի վերաբերյալ։

Մայիսի 27-ին Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզում, ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» ծրագրի շրջանակներում անցկացվել է «Սովորում ենք սիրել բնությունը» թեմայով բակի մաքրում։

Մանկապարտեզի սաները՝ դաստիարակների և աշխատակիցների ուղեկցությամբ ու աջակցությամբ, մաքրել են բակի տարածքը և տնկել  ծաղիկներ։ Դաստիարակները երեխաներին բացատրել են, թե որքան կարևոր գործ են անում՝ խնամելով շրջակա միջավայրը և նպաստելով մաքրությանը։

«Արվում է հնարավորը, որպեսզի երեխաների մոտ ձևավորվի բնապահպանական առանձնահատուկ դաստիարակություն, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը սիրի ու փայփայի հայրենի բնությունը, ծառի ու թփի խնամումը, ռեսուրսների խնայումը դարձնի կենսակերպ։ ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն նաև մեր համայնքի ուսումնական այլ հաստատություններում»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։